Կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում շարունակում են գործել կանխարգելիչ միջոցներ, ինչը, սակայն, բավարար չէ մեր աշխատակիցներին COVID-19-ով վարակվելուց առավելագույնս պաշտպանելու համար: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ։
«Հավաքական իմունիտետի ձևավորման և հիվանդացության կանխարգելման համար Հարավկովկասյան երկաթուղում սկսվում է աշխատակիցների պատվաստման գործընթացը: Առաջին հերթին պատվաստումները կստանան ուղևորների հետ անմիջականորեն աշխատող մասնագետներ՝ ուղեկցորդներ, գնացքների պետեր, լոկոմոտիվային բրիգադներ, գանձապահներ: Sputnik V պատվաստանյութի առաջին 60 դեղաչափերն արդեն տրամադրվել են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից:
Ապագայում նման համագործակցությունը կշարունակվի, պատվաստումների գործընթացը կլինի շարունակական: ՀԿԵ ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի առողջապահության նախարարությանը` ընկերության աշխատակիցների պատվաստումները կազմակերպելու հարցում օժանդակության համար:
P.S. Պատվաստումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է կամավորության սկզբունքով և անվճար»,- ասված է հայտարարության մեջ։