Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում է իրականացվել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հայաստանում առաջին անգամ իրականացված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը շատ հաջող է անցել։ Բժշկագիտության տեսանկյունից այն մեծ առաջընթացի սկիզբ է։ Սրանով մենք ՀՀ-ում հիմնականում երկու խնդիր ենք լուծելու։ Մեր քաղաքացիները, որոնք դժբախտաբար հնարավոր է բախվեն նման առողջական խնդիրների, այլևս կարիք չեն ունենա մեկնել արտերկիր։ Նրանք ստիպված չեն լինի բավականին մեծ գումարներ ծախսել, իրենց առողջությունը, ինչու չէ, նաև կյանքը փրկելու համար։ Մյուս խնդիրն այն է, որ մենք սրանով բժշկական տուրիզմի տեսանկյունից մեծ քայլ կունենանք, որովհետև մեր լոկալ գնագոյացումը թույլ կտա միջազգային շուկայում բավականին մրցունակ լինել։ Արտերկրում նման խնդիրներ ունեցող հիվանդները կկարողանան Հայաստանում էապես մատչելի ֆինանսական ծախսերով փրկել իրենց առողջությունն ու կյանքը։ Դա մեր բժշկագիտության համար մեծ խթան կլինի»,- ասաց փոխնախարարը։
Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն էլ հավելեց, որ արյունաբանական բնագավառը որպես մասնագիտություն ընտրած յուրաքանչյուր անձի համար ոսկրածուծի պատվաստումը գերագույն նպատակներից մեկն է։
«Մեր տասնամյակների նպատակն իրականություն է դարձել, որի կապացությամբ ուզում եմ կիսվել իմ ուրախությամբ։ Արտասահմանից եկած երեխաների ոսկրածուծի պատվաստման տասը դեպքի պայմանագիր ունենք։ Առաջին երկուսը վիրահատվել են, փոխպատվաստումը հաջող է անցել։ Սա կարևոր ու շրջադարձային նշանակություն ունի։ Արյունաբանությունը բժշկության լոկոմոտիվն է համարվում։ Նորարարությունները ևս կապված այն հանգամանքով, թե տվյալ երկրում որքանով է կայացած արյունաբանությունը»,- հավելեց նա։