Վերջին տարիների մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ որքան շատ ենք քայլում, այնքան նվազում է վաղաժամ մահվան վտանգը:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հետազոտությունները ցույց են տվել քայլերի և առողջության միջև գրեթե ուղիղ կապ: Սակայն գիտնականներն անընդհատ ճշգրտում են արդյունքները՝ նշելով քայլերի այն թիվը, որը մեզ փրկում է սրտի կաթվածից և առողջական այլ խնդիրներից:
Վերջին հետազոտության ընթացքում Մասաչուսեթսի համալսարանի ֆիզիկական ակտիվության գծով համաճարակաբան Ամանդա Փալուչի գլխավորած խումբը հետևել է ԱՄՆ չորս տարբեր քաղաքներից ավելի քան 2000 միջին տարիքի տարբեր ռասայի տղամարդկանց ու կանանց ֆիզիկական ակտիվությանը։
45-ից փոքր տարիքի մարդկանց խումբը կրել է աքսելերոմետրներ (արագացումը չափող սարք), որոնք հաշվել են քայլերի ամենօրյա քանակը և դրանց ինտենսիվությունը արթնանալու ժամերին:
Փորձը սկսվել է 2005 թվականին։ Մասնակիցները պարբերաբար վերահսկվել են մինչև 2018 թվականը: Ներկայումս առաջին խմբից 72 մարդ այլևս չկա:
Թեև ուսումնասիրության դիտողական բնույթը թույլ չի տալիս որոշակի եզրակացություններ անել այն մասին, թե ինչպես են քայլերը բարելավում փորձի մասնակիցների առողջությունը, սակայն հնարավորություն է տալիս գնահատել ֆիզիկական գործունեության և առողջության միջև կապը։
Հետազոտողները պարզել են, որ օրական առնվազն 7000 քայլ կատարած մարդկանց շրջանում վաղաժամ մահվան վտանգը 50-70 տոկոսով ցածր է, քան նրանց մոտ, ովքեր ավելի քիչ են քայլել։
Ըստ հետազոտողների՝ ամենօրյա քայլերի ավելացումն ամենամեծ ազդեցությունն է ունենում ոչ ակտիվ կենսակերպ ունեցող մարդկանց վրա. վաղաժամ մահվան ռիսկը զգալիորեն նվազում է:
«Օրական քայլերի քանակի ավելացումը կարող է առողջության բարելավման լավ միջոց լինել։ 7000 քայլի նոր շեմը, անշուշտ, լավ նորություն է ծույլերի կամ նրանց համար, ովքեր այլ պատճառներով չեն կարող օրական 10,000 քայլ անել»,- ասել է Փալուչը «HealthDay News»-ին: