Հայաստանում կորոնավիրուսով 692 հիվանդ ծանր վիճակում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվում է 17 բժշկական հաստատություն: Սոմատիկ բաժանմունքներն ունեն 1711 մահճակալ, որից 1546-ը զբաղված է: Վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների թիվը 318 է, որից 279-ը զբաղված է: Ավանեսյանը հայտնել է, որ 692 հիվանդ գտնվում է ծանր վիճակում, 142-ը` ծայրահեղ ծանր վիճակում: Արհեստական շնչառության ապարատին միացված է 60 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, հանրապետությունում պատվաստվել է 342610 մարդ, երեկ իրականացվել է 6725 պատվաստում:
Ավանեսյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ օրական պատվաստվելու է ավելի քան 10 հազար մարդ, ինչը կնպաստի հանրային անձեռնմխելիության ձևավորմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 249 803-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 657 նոր դեպք: 5 034 մարդ մահացել է COVID-19-ի բարդացումներից:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների 5 մահ, որոնք մահացել են այլ հիվանդություններից: Նման դեպքերի ընդհանուր թիվը 1 180 է: Վարակից ապաքինվածների թիվը 233 521 է: 10 068 մարդ բուժվում է: Կատարված թեստերի ընդհանուր թիվը 1,621,916 է: