Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,- գրել է Պողոսյանը:
Armenia Today–ն իր հերթին հեռախոսազրույց է ունեցել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ, որը տեղեկացրել է, որ Մարտակերտը ռմբակոծվել է երկու ինքնաթիռների կողմից։
«Տվյալ պահին շրջում ենք Մարտակերտի թաղամասերով և օգնություն ցուցաբերում վիրավորներին»,- տեղեկացրել է Գյուրջյանը։