Այս ծանր պատերազմական օրերին հայրենիքի պաշտպանության գործին լծված է ողջ հայությունը՝ Հայաստանում ու սփյուռքում։ Ամեն մեկն իր ձևով, իր կարեցածի չափով է կռվում հայրենիքի համար։
Ինչպես տեղեկացանք՝ «Հայփոստը» զինված ուժերի զորքերին ծանրոցներ ուղարկելու անվճար հնարավորություն է ընձեռում: Ի դեպ՝ անվճար հնարավոր է ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց։ Ապա մեկը մյուսի հետևից տարածվեցին նաև այլ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների հայտարարություններ։
Armenia Today-ը կապ հաստատեց ONEX կազմակերպության տնօրեն Սամվել Մարտիրոսյանի հետ։ Վերջինս պատմեց, որ իրենց կազմակերպությունն առաջիններից է հայտարարել անվճար բեռնափոխադրման մասին։ Սակայն, քանի որ տվյալ կազմակերպությունը Հայաստանի ներսում չի իրականացնում բեռների փոխադրում, ապա օգնում է հումանիտար նշանակության բեռնափոխադրումներ իրականացնել իր արտասահմանյան բոլոր պահեստներից դեպի Երևան։
«Մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ ՊՆ հետ ու համաձայնեցնելով կառույցի հետ՝ իրականացնում համապատասխան բեռնափոխադրումը։ Արդեն ունենք 30 առաքման հայտ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։