Նոյեմբերի 15-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Արտաքին գերատեսչության ղեկավարները քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ադրբեջանի,Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության իրականացման ընթացքը ,ներառյալ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց մանդատի արդյունավետ կատարման ապահովման հետ կապված խնդիրները:
Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի այս տարվա նոյեմբերի 13-ի հրամանագրի համաձայն ստեղծված մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության պլանների մասին։
Արտաքին գործերի նախարարները կարևորել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի , ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ կազմակերպությունների հետ համագործակցության հաստատումը՝ հակամարտության գոտում խաղաղ բնակչության կենսական պայմանները մեղմելու և կրոնական,մշակութային վայրերը պահպանելու ուղղությամբ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։