Վերջին տարիներին Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության վարելահողերի ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 132 000 հեկտար, որից յուրաքանչյուր տարի 100 000 հեկտարի վրա իրականացվում էր աշնանացան եւ գարնանացան մշակաբույսերի ցանքս, այդ թվում՝ հասկավոր հացահատիկային, հատիկաընդեղենային եւ յուղատու կուլտուրաների: Ցավոք, պատերազմի հետեւանքով մենք կորցրեցինք մեր վարելահողերի 70%-ը: Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցմանը, դեկտեմբերի 1-ին հայտնեցին Արցախի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։
Էական են կորուստները նաեւ այգեգործության ոլորտում: Նախկինում առկա 7000 հեկտար բազմամյա տնկարկներից մեզ մնացել են շուրջ 2000 հեկտար այգիներ (նախկին ծավալի 30%-ը-խմբ․):
Բանջարաբոստանային մշակաբույսերի դեֆիցիտը հիմնականում կապված է բանջարեղենի ու մրգերի հետ (նուռ, արեւելյան խուրմա, խաղող եւ այլն), որոնք հիմնականում աճեցվում էին կորսյալ տարածքներում: Բացը լրացնելու համար նախատեսվում է իրականացնել ծրագրեր, այդ թվում՝ ինտենսիվ այգիների զարգացման եւ ջերմոցային տնտեսությունների ոլորտում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: