ԱՀ նախագահից պահանջում եմ ձևավորել ԱՀ ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից: Այս մասին իր Facebook-յան իր էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:
Ըստ Բալասանյանի՝ ընտրելով համահայկական ողբի ճանապարհը, մենք կկորցնենք հայկական պետականությունը։
«Ուրեմն, պետք է հետևություններ անել ու աշխատել.
Ինչ պետք է անենք.
ա/ Արցախում անհրաժեշտ է վերանայել իշխանության բոլոր օղակները։ Սա պարտադիր պայման է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե բանակը, ոչ թե հայը, և պարտությունը պետք է դառնա դաս։
բ/ Նոր ձևավորված պետական մարմինները պետք է ունենան կարողություն և բարոյական իրավունք՝ աշխատանքի անցնել առանց պարտվողի հոգեբանության։
գ/ Անհրաժեշտ է զինված ուժերի նոր որակական վերակառուցում։
դ/ Անհրաժեշտ է ձևավորել համահայկական նոր օրակարգ՝ Սփյուռքի և Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքի նոր ձևաչափեր և նոր բովանդակություն։ Վերափոխված իշխանությունը ինտենսիվ և լրիվ այլ տրամաբանությամբ պետք է սկսի աշխատել Սփյուռքի հետ»։
Նա նշել է, որ ելնելով վերոգրյալից, անկախ իր քաղաքական հայացքներից և իր վերաբերմունքից Արցախի Հանրապետության ներկայիս իշխանությունների նկատմամբ.
- ԱՀ ԱԺ-ից պահանջում և հորդորում եմ իրականացնել Աժ նախագահի, Աժ նախագահի տեղակալի, մշտական գործող ԱԺ հանձնաժողովների կազմերի փոփոխություն,
- ԱՀ նախագահից՝ ձևավորել ԱՀ ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից:
- Դիմում եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ եթե Դուք նույնպես կիսում եք իմ մտահոգությունները և համամիտ եք իմ առաջարկություններին, ապա այս պարագայում, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում լծվել պետականաշինության գործին»,-հայտարարել է Բալասանյանը։