Այսօր ժամը 11-ի սահմաններում «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում: Այս մասին հայտնել է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման միջոցառում նախատեսվում է նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:
Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին:
Նշենք, որ ԱԻ պետական ծառայության վնասազերծման աշխատանքներն ամենօրյա են։ Նախորդ օրերին զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացվել Ստեփանակերտում, Խնածախ, Այգեստան գյուղերում, Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում։