«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ուրբաթ օրվա իր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց․
«Պատերազմը սկսվեց նաև նրա համար, որ մեր պետության, այսպես կոչված, ղեկավարը՝ չկայացած գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները»։
Մինասյանի կարծիքով՝ երբ հրամանատարական կետերից հանում են վաստակ ունեցող հրամանատարներին, նրանց հեռացնում են պաշտոններից, ամբողջ գեներալիտետը, որը կռել է երկու հաղթանակ երկու պատերազմների ընթացքում, և ասպարեզ են բերում մարդկանց, որոնք ունակ չեն պատերազմ վարելու կամ չգիտեն ինչ է պատերազմը, բնականաբար, պետք է պարտություն կրեինք։
«Երբ Գերագույն գլխավոր հրամանատարը բանակն այլասերողին (Սահմանապահ զորքերի հրամանատար) նշանակում է բարձր պաշտոնի և վստահում ամբողջ սահմանային պաշտպանությունը, բնական է, որ պետք է պարտություն կրեինք»,- ասաց Աշոտ Մինասյանը և հավելեց, որ «Հաղթել ենք, հաղթում ենք, պիտի հաղթենք» պոռոտախոսությունը սկսեց մեզ «ուտել», որովհետև դա բխում էր իշխանության քարոզից։ Փախչող զորքի հրամանատարին տվել են հերոսի կոչում։ Մարդկանց հերոսի կոչում շնորհելով՝ ուզում էին ինչ-որ բան ցույց տալ․․․Սա պայմանավորված պարտության տանելու վիճակ էր։ Սա պետության ներսում կոչվում է դավաճանություն։
«Այն ամենն ինչ կատարվում է իմ հանդեպ՝ զենք-զինամթերք, սպանության կասկածանք և այլն, նրա համար է, որ ես իրազեկ եմ ամբողջ պատմությանը»,- համոզված է Մինասյանը։
Պարտության պատճառներից մեկն, ըստ Մինասյանի, այն է, որ կամավորները անտերության են մատնվել, նրանց տիրություն չեն արել։
«Ցավոք սրտի, մեր գեներալներին պատերազմի ժամանակ մեկուսացրեցին։ Ես բոլորի հետ հանդիպել եմ, զրույցներ եմ ունեցել․ մեզ ասպարեզ չի տրվել։ Սակայն, հաշվի առնելով ռազմական դրությունը՝ լռել ենք։ Հիմա եկել է ժամանակը, որ բոլոր իմ գեներալ ընկերները գան ու խոսեն, ինչպես Մովսես Հակոբյանն արեց։ Որովհետև, եթե մենք թաքցնենք իրականությունը, կստացվի, որ մե՛նք ենք ստում»։
Մովսիսյանը կարծում է, որ պարտվածի տրամաբանությունը ի սկզբանե ներարկվել է մեր ժողովրդի, զինվորականների մեջ․
«Երբ զորքը դեռ Ջաբրայիլում էր, Փաշինյանը հորդորում էր փրկել Սյունիքը։ Հարց է առաջանում Ջաբրայիլում կռվող զինվորի մոտ՝ ինչու՞ է ինքը Ջաբրայիլում»,- ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել էր նոյեմբերի 14-ին՝ պետական իշխանությունը յուրացնելու, պետության, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն նախապատրաստելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Նոյեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Մինասյանն ազատ է արձակվել: