Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախյան պատերազմի ողջ պատասխանատվությունը, մի հետաքրքիր բան է սկսվել Հայաստանում. ով չի ալարում՝ շտապում է վերջին 30 տարվա իր և մեր սխալների պատասխանատվությունը հրել ինձ, դեպի գործող կառավարություն: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանն իր ուղերձի ժամանակ:
«Այն մարդն, ով ԼՂ-ը դուրս է թողել բանակցային գործընթացից, և բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ ԼՂ-ի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով:
Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել այն ժամանակ, երբ Հայաստանը սկսել է բանակցել Ղարաբաղի փոխարեն»,- ասաց վարչապետը:
«Մեզ մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը ադրբեջանական ագրեսիան ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում: Եվ այս մեղադրանքները հնչեցնում է մի մարդ, որի ղեկավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, նա հայ հանրությանը բացատրում էր, որ ոչ մի սարսափելի բան դրանում չկա»:
Փաշինյանն ասաց՝ իրենց մեղադրում են, որ Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը: Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանն այդ ե՞րբ և ինչպիսի՞ դիվանագիտական հաջողություններ է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր:
«Դիվանագիտական հաջողությունը 1995 թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունն, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի:
1998 թվականի բանակցությունների սեղանին դրված «Ընդհանուր պետություն» փաթե՞թն էր, որտեղ հստակ ֆիքսվում էր տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պահանջը: Այդ պահանջը դրվում էր Հայաստանի առաջ:
1999 թ. ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագի՞րն էր, որտեղ ֆիքսվում էր, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածքայի ամբողջականության սկզբունքով: Մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որն, ի դեպ, թմբկահարվում էր որպես հաջողություն, բայց պարզվեց՝ խայտառակ մի բան է:
Դիվանագիտական հաջողությունը Կազանյան համաձայնագրե՞րն էին, վերջին 25 տարում միջազգային տարբեր ատյաններում ընդունված փաստաթղթե՞րն էին»,- իր ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«2016 թվականի ռուսական առաջարկնե՞րն էին, երբ, ըստ էության, ընդհանրապես օրակարգից հանվում էր Արցախի ինքնորոշման հարցը»:
Փաշինյանի համար պարզ է դարձել, որ բոլորը 5+2 սկզբունքով տարածքները հանձնելու կողմնակից էին: «Մտածում են, որ Ադրբեջանը դա հալած յուղի տեղ էր ընդունելու: Ադրբեջանը միշտ ուզելու էր ավելին»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրել էր գործող կառավարությանն ու վարչապետին սխալ դիվանագիտության, ստի ու դավաճանության մեջ: