Դեկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում բնակվում է շուրջ 70 000 քաղաքացի։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ Արցախ վերադարձել են այն քաղաքացիները, որոնք բնակարաններ ունեն։ Հադրութի և Շուշիի բնակիչների կեցության խնդիրն Արցախի կառավարությունը ժամանակավոր լուծում է՝ վարձելով բնակարաններ, հնարավորության դեպքում, տեղավորելով հյուրանոցներում։
«Բնակարանային խնդիրներն ամենամեծ հարցն է, որն ամբողջության հնարավոր չէ լուծել։ Դրա համար մենք արցախցիներին հորդորել ենք, որպեսզի նրանք, ովքեր Արցախում տունը կորցրել են, չվերադառնան։ Հայտնել ենք, որ կացարան գտնելուց հետո միայն վերադառնան»,- նշեց Միրզոյանը։
ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը վստահեցրեց, որ Արցախ վերադարձողների կացության հարցի լուծումը ժամանակավոր բնույթ է կրում՝ մինչև պետական բնակարանաշինության ծրագրի արդյունքներով տների ու բնակարանների տրամադրումը:
Արցախի բնակավայրերում լուծված չէ նաև էլեկտրաէներգիայի և գազի խնդիրը, որի պատճառով Մարտունու շրջանի բնակիչները չեն վերադառնում։
Ժիրայր Միրզոյանը նշեց, որ Արցախի շրջաններն առաջիկա օրերին ամբողջությամբ հոսանք և գազ կունենան։
Նախարարը խոստացավ Մարտունիում էլ այդ խնդիրը կարգավորել, բայց ժամանակ է պետք, որ հոսանքի ենթակայանը վերանորոգվի։
Նշենք, որ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալով՝ ավելի քան 34 հազար փախստական արդեն հասել է Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում:
Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: