«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ եզդի ակտիվիստ, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Միրզա Դինային ժամանել է Երևան: Մինչև Արցախ մեկնելը նա մտադիր է ներկա գտնվել մի շարք միջոցառումների: Միրզա Դինային Հայաստանում կլինի մինչև 2020 թ. դեկտեմբերի 11-ը:
Հիշեցնենք, որ Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ Մարդասիրական մղումներից ելնելով՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական և ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում և Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Հայաստան կատարած այցի շրջանակում նա կայցելի «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ «Հերացի» հիվանդանոցային համալիր՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում վիրավորվածներին:
Դեկտեմբերի 8-ին տեղի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո Միրզա Դինային կմասնակցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Հայփոստի» համագործակցության արդյունքում թողարկված միջազգային նոր նամականիշի մարման հատուկ արարողությանը:
Հենվելով զինված հակամարտությունների հետեւանքների հաղթահարման իր հսկայական փորձի վրա՝ Միրզա Դինային հնարավորություն կունենա ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող, արցախցիներին ուղղված 20 նախագծերից որոշներին եւ հանդիպելու անմիջական շահառուների հետ: