Ռուսաստանի պաշտպանության նախարարության ականազերծման միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում: Այս մասին գրում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի հարավային հատվածում։ Մեկ օրում մաքրվել է ավելի քան մեկ հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 2876 պայթուցիկ առարկա:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ականազերծվել է ավելի քան 62 հա տարածք, 21 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4000 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, ռազմամթերքը դուրս են բերվում հատուկ տարածքներ և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն, նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին:
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: