«Անցավ ուղիղ մեկ ամիս այն պահից, երբ ՀՀ տգետ ու ապաշնորհ իշխանությունները հանգեցրին մեր երկիրը խայտառակ կապիտուլյացիայի և մենք կորցրինք մեր հայրենիքի 1/4-ը»,- այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ հավելելով․
«Այս մեկ ամսվա ընթացքում ոչ միայն չեն լուծվել ռազմագերիների ու անհետ կորածների հրատապ հարցերը, այլև առաջ են եկել նոր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է եռանդուն ջանքեր, փորձ ու գիտելիք։ Այդ խնդիրներից ամենաշոշափելին, թերևս, Հայաստանի ու Ադրբեջանի միջև անցնելիք նոր սահմանագիծն է, որը ճիշտ է կոչել ռազմաճակատի գիծ։
Այս ռազմաճակատի գծից են կախված ոչ միայն Արցախը վերադարձնելու ու պահելու մեր հնարավորությունները ապագայում, այլև Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի բնակավայրերի մեծ մասի բնակչության ֆիզիկական ու տնտեսական անվտանգությունը»։
Ըստ Գեղամյանի՝ ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև սահմանային գիծը, որը ներկայումս հիմք է ծառայում «GPS»-ով նոր սահմանազատման համար, 1988թ. հունվարի 12-ի «Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների հաստատման աշխատանքների անցկացման վերաբերյալ արձանագրությամբ» ստացել էր այլ տեսք, քան փորձում է այսօր ներկայացնել Ադրբեջանը և որին հետևում են մեր իշխանությունները։
Արձանագրությունը, որ ստորագրված է եղել 2 երկրների կողմից, սահմանում էր նոր գիծ, որտեղ հաշվի էր առնված, օրինակ, Գորիսի շրջանի հայ բնակչության արոտավայրերի հարցը կամ Կապանի օդանավակայանի ու ճանապարհի հարցը։ Եթե այս փաստաթուղթն գործառնության մեջ դրվեր նոյեմբերի 10-ին, ապա այսօր Սոթքը հայկական կլիներ։
«Քանի որ դա չի արել կառավարությունը, երեկ այս փաստաթղթի վրա է հղում արել ՀՀ նախագահ Ա. Սարգսյանը՝ դիմելով ՌԴ նախագահին սահմանազատման աշխատանքներին օժանդակելու համար։ Հուսանք, որ դեռ հնարավոր կլինի փրկել Սյունիքը»,- գրել է թուրքագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։