Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող արցախցիների հերթական ավտոբուսներն են ուղեկցել: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրում ուղևորվել է 649 մարդ: Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:
Ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ քսանչորս դիտակետերում:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայրեր են վերադարձել շուրջ 35 հազար տարհանվածներ։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: