Այսօր (դեկտեմբերի 9-ին) ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում»,-նշել է Բելարյանը:
Նա հավելել է նաև, որ նշված անձանց հարազատներն արդեն պատշաճ կերպով տեղեկացվել են վերջիններիս վերադարձի մասին: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համադրում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր աշխատանքները, որոնց շրջանակներում համապատասխան գործողություններ ենք կատարելու վերադարձված անձանց իրավունքներին առնչվող հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մենք նաև շարունակում ենք համատեղ ջանքերը գերիների ու անհայտ կորածների վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության և պետական լիազոր մարմիններին հնարավորինս աջակցելու, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում առնչվող հարցերի բարձրացման ուղղությամբ»,-հայտնել է Բեգլարյանը։
Նշենք, որ նախօրեին ԱԺ-ում կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնության են եկել գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման սկզբունքի շուրջ։