Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հարցազրույց է տվել Civilnet լրատվական կայքին։ Նա անդրադարձել է Արցախում տիրող վիճակին, խոսել սոցիալական խնդիրների մասին, որոնք, ինչպես ներկայացնում է նորանշանակ նախարարը, անհաշվելի են։ Նրա խոսքով՝ այսօր առաջնային խնդիրն արցախցիներին կացարանով, հագուստով ու սննդով ապահովելն է։
Մանե Թանդիլյանի ներկայացրած տվյալներով՝ այսօր Հայաստանից և ադրբեջանական կողմին անցած տարածքներից Արցախ է տեղափոխվել 40 հազար մարդ, սակայն, այս թվերը հստակ չեն, քանի որ առկա է նաև արցախցիների հաշվառման խնդիրը։ Նախարարը նկատեց, թե չնայած, որ բոլորն ապահովված են ժամանակավոր կացարաններով, նրանց հիմնական մասն ունի բնակարանային խնդիր, և Արցախի նախագահի հետ քննարկվում է հնարավորինս արագ տներ կառուցելու և նրանց տրամադրելու հարցը։ Մանե Թանդիլյանը խոսեց նաև ռուսական կողմի նախաձեռնությամբ 8000 բնակարանների կառուցման հնարավորության մասին, նշելով, որ այդ առնչությամբ քննարկումներ են ընթանում նախագահի մակարդակով, և այս պահին ճշտվում են նաև ժամկետները։ Նախարարը միաժամանակ կարևորեց գյուղական շրջանների վերաբնակեցումը։ Բացի կացարանի, հագուստի ու սննդի հարցերը լուծելը, նաև պետք է արցախցիներին աշխատանքով ապահովելու խնդիրը կարգավորել, որի համար, ըստ Թանդիլյանի, անհրաժեշտ է բարենպաստ բիզնես միջավայր ստեղծել։
Ի դեպ, հումանիտար օգնություն ցուցաբերելու, համագործակցելու համար նախարարը շնորհակալություն հայտնեց ռուսական կառավարությանը, սակայն նշեց, որ Արցախի բոլոր տնտեսական, քաղաքական հեռանկարներն ու ծրագրերը կապված են Հայաստանի հետ։
Հիշեցնենք, որ առողջական խնդիրների պատճառով ԼՀԿ խմբակցությունը լքած և քաղաքականությունից հեռացած Մանե Թանդիլյանն օրերս ստանձնեց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնը՝ հայտարարելով․ «Ես գնում եմ Արցախ՝ ապրելու ու ապրեցնելու»։