Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախատեսում է ընդլայնել իր կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին «РИА Новости»-ին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը:
«Մենք գնահատում ենք տարածաշրջանի կարիքները, որոնք կարող են ԿԽՄԿ-ից պահանջել երկարաժամկետ միջամտություն: Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր հաստիքակազմը, որ հնարավորություն ունենանք ժամանակին և համարժեք արձագանքելու հումանիտար կարիքներին, ինչպես նաև նոր միջոցառումներ սկսելու կարիքների վերաբերյալ մեր եզրահանգումների հիման վրա»,- ասել է Մուսայելյանը:
Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն արդեն արձագանքել է տարածաշրջանում մեծ թվով հումանիտար կարիքների՝ շինանյութ տրամադրելով վնասված տների վերականգնման համար, և մարդկանց տրամադրել է մթերքներ, տաքացուցիչներ և հիգիենիկ պարագաների հավաքածուներ:
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: