Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական դիտորդական համատեղ կենտրոնը կստեղծվի Ադրբեջանի Աղդամի շրջանում: Այս մասին շաբաթ օրը ասել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահներին, հաղորդում է ТАСС-ը:
Ընդունելությանը մասնակցել են նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Մենք արդեն գտնվում ենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոն ստեղծելու փուլում… Թուրք-ռուսական մոնիթորինգային կենտրոնը կվերահսկի հրադադարի ռեժիմի պահպանումը: Կարծում եմ, որ սա տարածաշրջանային համագործակցության շատ լավ դրսևորում է: Միևնույն ժամանակ, սա Թուրքիայի և Ադրբեջանի միջև շատ ընդունելի համագործակցության խորհրդանիշ է: Սա արդեն իրողություն է»,- ասել է Ալիևը:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: