Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքը Բաքու չի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք զբաղվում են Ղարաբաղի կարգավորման հարցով, հաղորդում է «РИА новости»-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները շաբաթ օրը ժամանել են Բաքու, նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այստեղ գալը ձեր գաղափարն էր: Կարող եմ դա ասել ևս մեկ անգամ՝ տեսախցիկների առաջ: Ես Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Գուցե նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առջև, ասեք։ Եթե ոչ՝ ես կխնդրեմ հեռանալ: Լսում եմ ձեզ»,- Ալիևի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը գտնվում են Բաքվում և Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին։