Հադրութի շրջանի երկու գյուղերն այժմ հայկական կողմի վերահսկողության տակ են, հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Соловьёв LIVE-ի եթերում:
«Այս պահին իրավիճակն ավելի հանգիստ է, բանակցություններ են ընթանում, այդ թվում՝ իրավիճակի կայունացմանն ուղղված ռուսական խաղաղապահ առաքելության կողմից», – ասել է Բաբայանը: Նրա խոսքով տեղի է ունեցել ադրբեջանցի զինվորականների փորձ վերցնելու այդ գյուղերը, որոնք կանխվել են։
Նա ընդգծել է, որ այդ գյուղերը միշտ եղել են ԼՂՀ-ի և ԼՂԻՄ-ի կազմում, պայմանագրի ստորագրման պահին նրանք մնացել են Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ և ոչ մի կերպ չեն ընկել Ադրբեջանի իրավասության տակ:
Քիչ առաջ ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը Facebook-ում, հղում անելով Հադրութի քաղաքապետին, հայտնել էր, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մտել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր։
Նշենք, որ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: