Հայկական զորքերը Խծաբերդի դիրքերում են, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը։
Խանումյանի փոխանցմամբ՝ թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր:
«Երեկոյան հավաքվեցինք ռուսական բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Կարճ ժամանակում բավականաչափ մարդ էր հավաքվել՝ անկախ քաղաքական պատկանելիությունից: Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի): Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ»,-նշել է Խանումյանը։
Նա նաև հայտնել է, որ այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար:
Նշենք, որ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ, ինչի մասին հայտնել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը: