Առավոտյան հանդիպել ենք Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարի տեղեկալի հետ և շուտով հայտարարություն կլինի: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն այլ մանրամասներ չհաղորդելով:
Նա ասաց նաև, որ ռուսական խաղաղապահ զորքերը շուտով կմտնեն Խծաբերդ:
Հիշեցնենք, երբ երեկ հակառակորդը գրավել է Հադրութի շրջանի Հին Թաղերը և շարժվել Խծաբերդ գյուղի ուղղությամբ, Հայկ Խանումյանն արցախցիներին կոչ էր արել հավաքվել ռուսական ռազմաբազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում:
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։