Ամերիկայի հայկական համագումարն այսօր տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը և Վաշինգտոնին կոչ է արել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ:
«Նախօրեին, ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։
Սրան նախորդել էր Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարությունը, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Սևանը և Սունիքի շրջանները Ադրբեջանի պատմական տարածքներն են: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու այցի ընթացքում Ալիևը հրապարակայնորեն նվաստացուցիչ արտահայտություններ էր թույլ տվել:
Հրադադարի համաձայնագրի խախտումը և քրիստոնեական հայկական եկեղեցիների հետագա պղծումը Ալիևի և Էրդողանի ռեժիմների ցեղասպան մտադրությունների և անվստահության իսպառ բացակայության ևս մեկ վկայություն է», – նշված է ԱՀՀ-ի հայտարարության մեջ:
ԱՀՀ- ն կոչ է անում դիմել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին, որպեսզի վերջիններս դատապարտեն ադրբեջանական հարձակումները, դադարեցնեն ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին և իրականացնեն Արցախին 250 միլիոն դոլար արժողությամբ շտապ մարդասիրալան օգնություն տրամադրելու ծրագրիը:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: