«Մենք բարձր ենք գնահատում ռուսական խաղաղապահ զորքերի առաքելության իրականացումն Արցախում, սակայն որևէ երկրում խաղաղապահ զորքերը միայնակ չեն կարող ապահովել սահմանների և բնակչության լիարժեք պաշտպանությունն ու անվտանգությունը՝ առանց տեղի զինված ուժերի։ Այդ մասին են վկայում երեկ Արցախում տեղի ունեցած զարգացումները, որոնք խիստ մտահոգիչ են։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Ըստ Մանուկյանի՝ Հայաստանում և Արցախում այսօր պետական համակարգերը կաթվածահար են և իրենց անգործությամբ ու բանակի պարտականությունները խոչընդոտելով՝ հնարավորություն չեն տալիս զինված ուժերին կատարել իրենց ուղիղ գործառույթները՝ պաշտպանել Հայաստանի, Արցախի սահմաններն ու խաղաղ բնակչությանը։
«Հայաստանի օրվա քաղաքական իշխանության կասկածելի անտարբերությունը, իսկ առանձին դեպքերում՝ կանխամտածված վարքագիծը, թույլ չեն տալիս ՀՀ զինված ուժերին կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ։
Կոչ ենք անում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի ղեկավարությանը, համագործակցելով ռուսական խաղաղապահ զորքերի հետ, ընդունել անհրաժեշտ որոշումներ՝ ապահովելու համար մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև կանխելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի եռակողմ հայտարարության խախտումները։
Ակնկալում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից՝ ակտիվ ջանքեր գործադրել և կատարել իրենց առաքելությունը»,- նշված է հայտարարությունում։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: