Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել «Риа Новости»-ին, որում նշել է, որ հանրապետությունում պատերազմից հետո ամենալուրջ խնդիրը բնակարանների պակասն է:
Օմբուդսմենի խոսքով՝ սեպտեմբերին՝ ռազմական գործողությունների վերսկսումից հետո, մարդիկ թողել են իրենց բնակարանները, տեղափոխվել Հայաստան կամ այլ ապահով վայրեր՝ փրկելով իրենց ու հարազատներին, բայց երբ մարտերն ավարտվել են, նրանցից ոմանք հասկացել են, որ հետ վերադառնալու տեղ այլևս չունեն։
Նա նշել է, որ այս խնդիրը խորացնում է մարդկանց անվստահությունը, որը հրադադարից մեկ ամիս անց դեռեւս պահպանվում է:
«Այս խնդիրը շատ լուրջ է: Բնակարանից զրկվածների մեծ մասը նախկինի պես գտնվում է Երեւանում: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց ապահով զգան։ Դա առաջնային հարց է», – հայտարարել է Բեգլարյանը՝ հավելելով, որ վերջին շաբաթներին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի աջակցությամբ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։
Նշենք, որ Արցախյան պատերազմի ընթացքում ավերվել են մի քանի հազար տներ։ Ինչպես օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնեց Արցախի սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ռուս խաղաղապահների հետ մշակվում է արագ կառուցվող բնակարանների շինարարության ծրագիր։