Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:
«Ադրբեջանցիները երկու օր է, ինչ փակել են մայրուղուց դեպի գյուղ եկող ճանապարհը: Այնուհետև, ռուս խաղաղապահները եկել են և դիտակետ են ստեղծել: Այժմ գյուղում ապրող ընտանիքներն անվտանգ են: Մեր տեղեկությամբ, ռուս խաղաղապահները նաև բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն»,-մանրամասնել է Հին Շենի գյուղապետը:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: