ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հայտարարություն են տարածել։
Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը դեկտեմբերի 12-ին և 13-ին այցելել են Բաքու, և դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ Երևան: Բաքվում նրանց ընդունել է նախագահ Ալիևը, և հանդիպել են արտգործնախարար Բայրամովի հետ։
Երևանում նրանց ընդունել է վարչապետ Փաշինյանը և հանդիպել են արտգործնախարար Արա Այվազյանի հետ։ Ռուս համանախագահ Իգոր Պոպովի ՝ Բաքու մեկնելու անհնարինության կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը Բաքվում ներկայացրել է Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, Իսկ Երևանում ՝ Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը:
Համանախագահները հանդիպել են նաև տարածաշրջանում գործող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ: Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCiO) Անջեյ Կասպշիկը նույնպես մասնակցել է բոլոր նիստերին։
Երկու մայրաքաղաքներում էլ կողմերը ներկայացրել են իրենց գնահատականը տեղերում տիրող իրավիճակին և իրենց ակնկալիքներն են հայտնել համանախագահների հետ առաջիկա տարվա փոխգործակցության վերաբերյալ:
«Հաշվի առնելով նոր իրողությունները՝ համանախագահները վերահաստատեցին իրենց շարունակական հանձնառությունը կողմերի հետ կառուցողական փոխգործակցությանը՝ տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարեկեցության նպաստելու և մնացած հարցերը լուծելու նպատակով: Համանախագահները նաև պարտավորվել են կոնկրետ առաջարկներ ներկայացնել հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ՝ կողմերի միջև հետագա քննարկումների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: