Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնել է ԱՀ ՊԲ-ն։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։ Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի ինը վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։ Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում: Հավելենք, որ տվյալ գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։