Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին: Մասնավորապես` շրջանառվում է ընդհուպ մինչև 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ:
Հավելենք, որ խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի իրականացվող քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ»։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 11-12-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: