Հինգերորդ զորամիավորման զորամասերից մեկում հրամանատարության կողմից խրախուսվել են սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ու կամավորականներին արդյունավետ փոխգործակցության, ցուցաբերած քաջության և հայրենասիրության համար։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: