Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նա մանրամասնել է, որ զոհված քաղաքացիական անձի՝ տարեց մի կնոջ մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին։
Որոնողական աշխատանքներն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, շարունակվում են Ներքին Ճարտարի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածներում:
Հիշեցնենք, որ որոնումներին շարունակում են մասնակցել անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորներ։