ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում հերքել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից զատ սահմանների հստակեցմանը նվիրված լրացուցիչ փաստաթղթի գոյությունը:
«Բնականաբար, կա միայն հայտարարություն։ Երբ ես խոսում էի փաստաթղթի մասին, նկատի ունեի Խորհրդային Միության ժամանակաշրջանում ձևավորված փաստաթղթերը», – նշել է Գրիգորյանը՝ հստակեցնելով, որ խոսքը, մասնավորապես, խորհրդային շրջանի քարտեզների մասին է։
Գրիգորյանի խոսքով ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց է ընթանում, երբեմն այն իրականացվում է ուղիղ, երբեմն՝ ռուսական կողմի միջնորդությամբ:
Նա նաև մեկնաբանել է Սյունիքում սահմանագծման գործընթացը։ «Սյունիքի մարզում սահմանը 1994 թվականից սկսած վերահսկվում էր Պաշտպանության բանակի կողմից։ Այսինքն՝ նման հարց անգամ չի եղել։ Միայն այդ պատերազմի արդյունքում սահմանագծման գործընթացում որոշակի ճշգրտումներ են կատարվում», – հայտարարեց Գրիգորյանը։
Նրա խոսքով, թեև դեմարկացիայի մասին կետ չկա համատեղ հայտարարության մեջ, սակայն այն դրա «տրամաբանական շարունակությունն է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ իրենց մտահոգությունն էին հայտնել մարզում սահմանների հստակեցման արդյունքում ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքապետերն արձանագրել են, որ սահմանի փոփոխության հետևանքով հակառակորդի թիրախում են հայտնվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Կապան մարզային կենտրոնը:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: