«Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս»,-այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա հայտնել է, որ այս կարևոր հաջողության համար իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, իհարկե, զոհվածների աճյունների վերադարձման աշխատանքները:
«Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրը ուղեկցած Արթուր Ավագյանին, ինչպես նաև ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմին, որոնց կատարած հերոսական աշխատանքին դեռ առիթ եմ ունենալու անդրադառնալու:
Ստորև հրապարակում եմ մեր փրկված վեց հայրենակիցների անուն-ազգանունները, որոնց մասին արդեն պատշաճ կերպով տեղեկացված են հարազատները.
Այվազյան Արսեն Կարենի
Սահակյան Դավիթ Գեղամի
Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի
Հարությունյան Արթուր Գարիկի
Արմաղանյան Արման Արշակի
Թումանյան Ռուսլան Սարգիսի»,- գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: