Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ նոր պաշտոն կզբաղեցնի գործադիրում։ Նա ասաց, որ հեշտ չի եղել որոշում կայացնել լքել ԱՀ ՄԻՊ-ի պաշտոնը, սակայն, հաշվի առնելով այն աշխատանքի կարևորությունը, որով կզբաղվի ապագայում, ընդունել է ԱՀ նախագահի առաջարկը։
Ընդհանուր առմամբ, Բեգլարյանը ՄԻՊ գրասենյակի փաստահավաք աշխատանքը ավարտին մոտ է համարում։ Փաստահավաքագրման ու դրանց հիման վրա զեկույցներ կազմելու աշխատանքը նույնպես ավարտվում է։ Սակայն, որոշ ուղղություններով դեռևս փաստահավաք գործունեության կարիք կա։
«Համոզված եմ, որ հաջորդ ՄԻՊ-ը կշարունակի այդ աշխատանքները։ Մարտահրավերները բավականին շատ են՝ առկա հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված»,- ասաց ՄԻՊ Բեգլարյանը՝ հավելելով․
«Ես լքում եմ ՄԻՊ պաշտոնը, սակայն մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքելու»։
Իր պաշտոնը լքող Արտակ Բեգլարյանը չնշեց, թե գործադիրում ինչ պաշտոն կզբաղեցնի՝ ասելով, որ կոռեկտ չի համարում դա հիմա հրապարակել։
«Այդ մասին կիմանաք նախագահի որոշումից»,- ասաց Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ՄԻՊ-ը երեկ՝ դեկտեմբերի 22-ին, հայտարարել էր, որ լքում է ներկա պաշտոնը։