Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ծավալուն հարցազրույց է տվել Риа Новости-ին։
Հարցազրույցում Մարտիրոսյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը և նրա բնակչությունը հայտնվել են հումանիտար ճգնաժամի եզրին։ Ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին պատճառված վնասի չափը համադրելի է հանրապետության ՀՆԱ-ի մի քանի տարվա ծավալի հետ։ Ուստի, Հանրապետության տնտեսության վերականգնումը երկար ժամանակ կպահանջի։ Սակայն, նա վստահ է, որ կհասնեն արդյունքի։
Ինչ վերաբերում է Արցախի Էներգամատակարարմանը, ապա, ինչպես նկատել է պետնախարարը, դրա վերականգնման աշխատանքներում մեծ օգնություն է ցույց տվել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Ներկայում գրեթե ամբողջությամբ այն վերականգնված է։
Ինչ վերաբերում է արցախցիների հայրենիք վերադարձին, ապա Մարտիրոսյանն ընդգծել է, որ միայն ագրեսիան կամ ռազմական գործողությունները բացառելու երաշխիքների պարագայում մեր հայրենակիցները կկարողանան իրենց կյանքը կապել հայրենի հողի հետ: Նրա խոսքով՝ դրանում մեծ է ռուս խաղաղապահների դերը։
«Ռուս խաղաղապահների հետ մեր գործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, և, ինչպես նկատելի է, արվում է ամեն հնարավորը»,- ասել է Մարտիրոսյանը։
Արցախի պետնախարարը նշել է, որ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի շուրջ 35-45 հազար բնակիչ զրկվել է օթևանից։
«Այդ մարդկանց մեծ մասն այսօր Հայաստանում է, որոնց վերադարձնելու համար մենք պետք է նրանց համար գոնե նվազագույն կենսապայմաններ ապահովենք։ Սա կառավարության գերակա խնդիրն է»,-նշել է Գրիգորի Մարտիրոսյանը։