Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 378 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 43 096 մարդ։
Այս մասին ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում։ Գերատեսչության տեղեկատվության համաձայն ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։
Ընդհանուր առմամբ, ականազերծման ընթացքում Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրվել է 274,5 հա տարածք, 105,9 կմ ճանապարհ, 451 տնաշինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 8 704 պայթուցիկ առարկա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: