ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ:
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի կողմից ականազերծվել է 274 հեկտար տարածք, մոտ 105 կմ ճանապարհ, 451 բնակելի շենք։
«Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8700 պայթուցիկ առարկա։ Լեռնային Ղարաբաղում պայթյունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպն ինչպես լեռնային հատվածներում, այնպես էլ եղանակի վատթարացման պայմաններում», — ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հաստատվեց հրադադար: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: