Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Ողջունելով կամավորականներին՝ վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում վերջիններիս ծառայությունը։ «Բարձր եմ գնահատում նաև ձեր քաղաքացիական դիրքորոշումները, և բարձր եմ գնահատում ճշմարտությունն ամեն ինչից վեր դասելու ձեր պատրաստակամությունը, որովհետև դա շատ կարևոր է: Մանավանդ այսպիսի իրավիճակներում երբեմն ճշմարտությունը շատ դառն է լինում, երբեմն ճշմարտությունը շատ վտանգավոր է լինում: Բայց ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում մենք պետք է ճշմարտության հետևից գնալու կամք ունենանք, վճռականություն ունենանք, բայց նաև, մյուս կողմից, այդ ճանապարհին լինենք հնարավորինս շրջահայաց, որպեսզի զուգահեռ մենք մեզ անդառնալի վնասներ չհասցնենք: Շնորհակալ եմ և հաճույքով կլսեմ ձեզ»,-նշել է կառավարության ղեկավարը:
Կամավորական ջոկատների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման հնարավորության համար և կարևորել նման ձևաչափով շփումները՝ պատերազմից հետո ձևավորված իրավիճակը և ապագայի տեսլականը համատեղ քննարկելու համար: Նրանք անդրադարձել են Արցախյան պատերազմի ժամանակ իրենց կողմից արձանագրված խնդիրներին և ներկայացրել առաջարկներ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:
Հանդիպման շրջանակում վարչապետ Փաշինյանը պատասխանել է կամավորականների մի շարք հարցադրումներին, որոնք վերաբերում էին պատերազմի ժամանակ դասալքության և դավաճանության դեպքերի բացահայտմանը, Արցախի հարցի շուրջ զարգացումներին, բանակաշինությանը, կրթության համակարգի բարեփոխումներին, հայրենասիրական դաստիարակության մոդելին, հանրային կյանքի տարբեր ոլորտներում կամավորական աշխատանքի բաղադրիչի ներդրմանը, պետական կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությանը, ապատեղեկատվության դեմ պայքարին, մեր հայրենիքի քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման ուղիներին և այլ թեմաների:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: