Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումները մարտական պատրաստության ծրագրված վարժանքներ են անցկացրել Ստեփամակերտի և Մարտակերտի զորավարժարաններում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Չնայած իրականացվող շուրջօրյա հերթապահության իրականացմանը, խաղաղապահ ուժերի հրամանատարությունը նախատեսել է մարտական պարտաստության հիմնական տեսակների փորձարկում, այդ թվում՝ տակտիկական, հատուկ-տակտիկական, կրակային տեսակների և ռազմական տեխնիկայի կիրառմամբ:
Վարժանքներին մասնակցում է 200 ռուս խաղաղապահ, գործի է դրվել ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա:
Ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանից։