2021 թվականի հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման և ոչնչացման մասով ծառայությունը ստացել է 77 կանչ: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները ՌԴ ՊՆ սակրավորների հետ մեկտեղ շարունակում են Արցախի բնակավայրերը, լեռնաանտառային ու հարթավայրային գոտիները մաքրել հնարավոր սպառնալիքներից»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ամփոփելով շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ նշվել է, որ այս ընթացքում հրդեհի 16 դեպք է արձանագրվել: Այն հիմնականում բռնկվել է բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու պատճառով:
«ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը անցած շաբաթվա ընթացքում թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում շարունակել են իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց արդյունքում 2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021-ի հունվարի 17-ը հայտնաբերվել է 1238 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ»,-նշված է հաղորդագրության մեջ։