«Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ», – այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։
Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 189 փախստական։ Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 827 փախստական։
«Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: