Մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 87 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչև օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50390 մարդ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում:
Ըստ աղբյուրի՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: