Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք՝ աջակցելու Արցախյան վերջին պատերազմում վիրավորված զինծառայողներին: Այս մասին տեղեկանում ենք խմբի Instagram-յան էջում տեղադրված հայտարարությունից:
«2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո հակամարտության ընթացքում վիրավորված հերոսները շարունակում են պրոթեզավորման, առաջադեմ բուժման և բժշկական օգնության խիստ կարիք ունենալ: Մենք կազմակերպում ենք ուղիղ հեռարձակմամբ դրամահավաք միջոցառում, որպեսզի գումար հավաքենք ձեռքերը և ոտքերը կորցրած հարյուրավոր զինվորների վերականգնման և վերջույթների պրոթեզներով ապահովման համար:
Ֆինանսավորումը կօգնի նաև լազերային թերապիայի ներդրմանը` սպիտակ ֆոսֆորի քիմիական այրվածքները բուժելու, սպիները մեղմացնելու և ծանր ցավը նվազեցնելու համար: Ուղիղ հեռարձակումից ստացված բոլոր միջոցները կտրամադրվեն այս գործին»,-ասված է գրառման մեջ: