ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացավ նրանց համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ Լավրովը հայտնեց, որ իրանցի իր գործընկերոջը ներկայացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, մենք հատուկ ուշադրությամբ ենք դիտարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը՝ հաշվի առնելով այն ջանքերը, որոնք ներդրվել են Ռուսաստանի կողմից և որոնք թույլ են տվել հասնել լիակատար հրադադարի»,- հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նաև հայտնեց, որ իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ, որտեղ «խոսքը Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային և այլ հաղորդակցական կապերի ապաշրջափակման ուղղությամբ համագործակցության մասին էր՝ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի մասնակցությամբ»:
«Մենք համոզված ենք, որ այդ աշխատանքը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մնացած քաղաքական ասպեկտները վերջնականապես կարգավորել արդար հիմքի վրա՝ ի շահ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների և, իհարկե, ի շահ նրանց բոլոր հարեւանների»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Իսկ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նշեց․
«Այսօր մենք թևակոխում ենք նոր շրջան և հուսով ենք, որ տարաձայնությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ կվերածվեն փոխգործակցության, և մենք, հիմնվելով տարածաշրջանային համագործակցության վրա, կկարողանանք «բացել բոլոր այն ճանապարհները, որոնք փակ են եղել 30 տարի շարունակ և հասնել տնտեսական առաջընթացի ողջ տարածաշրջանում»:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, որի ժամանակ ձեռք բերվեց տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն։