Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Միջազգային հանրության և, անկասկած, հակամարտության լուծմանը մասնակցած երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, աջակցել փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը, ավերված ենթակառուցվածքների, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների վերականգնման հետ կապված հարցերում», – ասել է Պուտինը՝ հունվարի 23-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, որն այս տարի առցանց է ընթանում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից ակտիվ միջնորդական ջանքեր են ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար:
«Մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբին, մասնավորապես, նրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ – ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին», – նշել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ դա «համագործակցության լավ օրինակ է»: