Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և դիտարկման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:
«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։ Մարտական պատրաստության միջոցառումների ընթացքում խաղաղապահները կատարելագործում են դիտակետերի պահպանությունը: Բոլոր դիտակետերը համալրված են ամրաշինական կառույցներով, որոնք զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար են»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հաստատվել է հրադադար: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ու ինժեներական ենթակառուցվածքները: