Սոցցանցերում կրկին տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է ադրբեջանցի փախստականների վերադարձը Ստեփանակերտի հարակից բնակավայրեր:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Արցախի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է այդ տեղեկությունները։
Նրա տպավորությամբ՝ ինչ- որ ուժեր փորձում են հասարակության մեջ խուճապ տարածել։ Արցախի նախագահի մամուլի խոսնակն այս ամենն անընդունելի է համարում։
«Այս տեղեկությունները խրախուսվում են տարբեր ուժերի կողմից։ Իհարկե, մենք չենք բացառում, որ դա կարող է հրահրված լինել ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից։ Նշեմ, որ այն մեդիատեռորը, որն այսօր իրականացվում է ՀՀ-ում, անթույլատրելի է»,- նկատեց նա։
Շրջանառվող վերջին ապատեղեկատվությունը վերաբերում է Ստեփանակերտի Կրկժան և Աջափնյակ թաղամասերում ադրբեջանցիների հնարավոր բնակեցմանը։
Վահրամ Պողոսյանը, սակայն, բացառում է ադրբեջանցի փախստականների վերադարձն այդ թաղամասեր, քանի որ այնտեղ արդեն բարեկարգման աշխատանքներ են տարվում արցախցիների համար։
Կրկժանում կոյուղու շինարարությունն է սկսվել, իսկ Աջափնյակում պատերազմի հետևանաքով վնասված տանիքներն են վերականգնում։
Շինարարներն իրենց գործը միայն քանդածը վերականգնելով չեն ավարտի՝ անօթևանների համար արագ կառուցվող տների շինարարություն են իրականացնելու։
Հիշեցնենք, որ սոցցանցերում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում Ստեփանակերտի հարակից բնակավայրեր ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձի մասին: